A+ a-

Հաճախ Տրվող Հարցեր

  • Ո՞ր դեպքերոմ է անհրաժեշտ դիմել շտապբուժօգնության ծառայությանը

    • Հանկարծակի առաջացած հիվանդությունների /սիրտ-անոթային, կենտրոնական նյարդային համակարգի, շնչառական, որովայնի  խոռոչի  և  այլ  օրգանների  գործունեության  սուր  զարգացող  խանգարումների/ դեպքերում.  
    • դժբախտ պատահարների /վնասվածքների,այրվածքների,  թունավորումների, կայծակնահարությունների, էլեկտրահարությունների,  ջրահեղձությունների և այլն/ դեպքերում,
    • արտակարգ իրավիճակների /ՃՏՊ-ների, զանգվածային վնասվածքների, թունավորումների և տարերային աղետների/ ժամանակ.
    • քրոնիկ հիվանդությունների սրացումների ժամանակ, եթե դրանք պահանջում  են անհետաձքելի բժշկական օգնություն.
    • վարակիչ հիվանդությունների բռնկումների ժամանակ, եթե կա անհետաձքելի   բժշկական օգնության կամ հոսպիտալիզացման անհրաժեշտություն:

    Մնացած բոլոր դեպքերոմ հարկավոր է դիմել Ձեր տեղամասային պոլիկլինիկա կամ  ընտանեկան  բժիշկին, ստանալ համապատասխան բուժում կամ ստացիոնար  բուժման  ուղեգիր:

  • Ի՞նչ անել այրվածքներ ստանալու դեպքում

    Այրվածքը բարձր ջերմաստիճանի, որոշ քիմիական նյութերի, էլեկտրականության, ճառագայթման հետևանքով մաշկի և խորանիստ այլ հյուսվածքների վնասումն է:          

    Մինչև ՇՕ շարժակազմի ժամանումը անհրաժեշտ է`

    • Դադարացնել այրվածք առաջացնող գործոնի ազդեցությունը /հեռացնել  այրվող տարածքից, անջատել  էլեկտրականությունը և այլն/: Օգնություն  ցուցաբերողը  պարտավոր է նախ  ապահովել  սեփական  անվտանգությունը  
    • Հարկավոր է հանգստացնել տուժածին
    • Եթե այրվածքն առաջացել է բարձր ջերմաստիճանից, պահել այն հոսող ջրի  տակ
    • Եթե հնարավոր  է, հանել տուժածի ախտոտված կամ այրվող  հագուստը

     

    Քիմիական  այրվածքների  դեպքում`

    • Եթե քիմիական այրվածք է և քիմիական նյութը փոշի է, անհրաժեշտ է  թափ  տալ  այն,  չլվանալ  ջրով
    • Եթե այրվածքն առաջացել է հեղուկ քիմիական նյութից, լվանալ հոսող  ջրով  /չօգտագորձել շատ  սառը  ջուր/
    • Այրվածքային մակերեսը ցանկալի է ծածկել ստերիլ ծածկոցով /արդուկած  սավան,սրբիչ/
    • Ջրազրկումը կանխելու նպատակով տալ հեղուկներ /գոլ ջուր, հյութեր, հանքային ջրեր/: Օգտակար   է  նաև   հետևյալ բաղադրությամբ պատրաստված հեղուկը` չորս գդալ շաքարավազ և կես թեյի գդալ  աղը  լուծել  մեկ լիտր գոլ ջրում և տալ տուժածին խմելու մինչև ՇՕ ժամանումը
    • Չքսել որևէ քսանյութ, յուղեր, դեղորայք և այլն
    • Չկտրել, չբացել բշտիկները

  • Ի՞նչ գործողություններ է պետք ձեռնարկել քթային արյունահոսության դեպքում

    Քթային  արյունահոսության պատճառ կարող են հանդիսանալ՝

    ա) քթի  վնասվածքը

    բ) զարկերակային  գերճնշումը

    գ) Սուր շնչառական վարակները

    • Հարկավոր է հիվանդին հանգստացնել, տալ նստած դիրք:
    • Արյունը կուլ տալու դեպքում կարող է փսխում առաջացնել, ուստի ցանկալի է  թքել դուրս:
    • Խորուրդ տալ շնչել բերանով:
    • Հիվանդին խնդրել, որ բթամատով և ցուցամատով սեղմի քթանցքները`  ոսկրային մասից անմիջապես ներքևի հատվածում:
    • Քթի վերին հատվածում` քթարմատին դնել սառը թրջոց, որը կնպաստի  անոթի նեղացմանը արյունահոսության  դադարեցմանը:
    • Եթե առկա է գերճնշումը հարկավոր է մինչև ՇՕ ժամանումը հիվանդին տալ  ճնշում իջեցնող դեղամիջոց:

  • Ի՞նչ գործողություններ է պետք ձեռնարկել ջրահեղձման դեպքում

    Մինչև ՇՕ շարժակազմի ժամանումը անհրաժեշտ է`

    • Զննել տուժածին ջրից  դուրս հանելուց հետո՝
      1. գիտակցություն առկա է, թե ոչ
      2. տուժածը շնչում է, թե ոչ
      3. առկա է արդյոք անոթազարկ քներակի  վրա
    • Եթե  ոչ` անհրաժեշտ է անհապաղ կատարել սիրտ-թոքային  վերակենդանացման գործողությունները:
    • Եթե առկա է անոթազարկը, մաշկը կապուտ է և հիվանդի  քթից  ու բերանից  հոսում է վարդագույն փրփուր` կատարել հետևյալը`
      1. Տուժածին շրջել  փորի վրա այնպես,  որ նրա գլուխը մարմնից  ցածր լինի: Բերանը և ըմպանը հնարավորինս արագ մաքրել  օտար մարմիններից:
      2. Տուժողին որովայնով շրջել օգնողի ծնկի  վրա այնպես, որ  գլուխը   կրծքավանդակի մակարդակից ցածր լինի:
      3. Անձեռոցիկով  կամ կտորով փաթաթված երկու մատով սեղմել  լեզվի  արմատը`փսխման ռեֆլեքսը և շնչառությունը  խթանելու  համար:

    Նշվածը անհրաժեշտ է կրկնել այնքան, մինչև ջրի արտազատումը դադարի:

    Եթե  սեղմելուց   հետո  լսվում «Է» հնչյունը և փսխում է սկսվում, ուրեմն տուժածը կենդանի է: Եթե ոչ` անցնել սիրտ-թոքային վերակենդանացման հրահանգների կատարմանը:

  • Ի՞նչ գործողություններ է պետք ձեռնարկել սննդային թունավորումների դեպքում

    Սննդային  թունավորումները լինում են երկու  տեսակի` մանրէային և քիմիական:

    Սննդային մանրէային թունավորումների դեպքում ախտածին մանրէները, որոնք գտնվում են սննդում, արտադրում են  թունավոր նյութեր (տոքսիններ): Մթերքները, որոնց  ընդունումից  հետո ավելի  հաճախ են հանդիպում մանրէային  թունավորումներ, հետևյալ են` ապխտած միս, երշիկ, ձկնեղեն, կաթնամթերք, ձու, տնային պայմաններում պատրաստված պահածոներ և այլն:

    Սննդային քիմիական թունավորումները տեղի են ունենում, երբ սննդի մեջ բարձր է  որոշ մետաղների (ցինկ, կադմիում, կապար և այլն) քանակը կամ առկա են  որոշ  թունավոր  նյութեր:

    Սննդային  թունավորման նշաններն են

    • Սրտխառնոց, փսխում, լուծ
    • Ընդանուր թուլություն
    • Գլխացավ, գլխապտույտ
    • Որովայնի ցավեր
    • Մարմնի ջերմաստիճանի բարձրացում

     

    Հիվանդի  մոտ առաջացրեք արհեստական  փսխում:

    Արհեստական փսխում առաջացնելու համար հիվանդին նստեցրեք,կողքին ունեցեք  որևէ թաս: Հիվանդին խմեցրեք 2-3լ գոլ ջուր:Եթե հնարավոր է, ջրի մեջ յուրաքանչյուր  մեկ լիտրին ավելացրեք մեկ գդալ կերակրի սոդա: Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ   առաջացրեք փսխում`մատով սեղմելով, գրգռելով լեզվարմատը կամ ըմպանի հետին  պատը: Հիվանդը կարող է փսխել նաև ինքնաբերաբար մեծ քանակով գոլ ջուր ընդունելուց: Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ: Փսխելիս հիվանդը պետք է  լինի հարմար դիրքով նստած, մի փոքր առաջ  թեքված: Ցանկալի է, որ փսխման ընթացքում դուք պահեք հիվանդի գլուխը`ձեռքով բռնելով նրա ճակատը:

    • Չի կարելի արհեստական փսխում առաջացնել, երբ հիվանդը  պառկած է մեջքի վրա
    • Հիվանդը անգիտակից վիճակում է
    • Հիվանդը հղի կին է
    • Հիվանդը սրտային հիվանդ է
    • Հիվանդը ունենում է ցնցումներ:

  • Ի՞նչ գործողություններ է պետք ձեռնարկել անգիտակից վիճակ/ուշաթափության վիճակում գտնվող անձին առաջին օգնություն ցուցաբերելիս

    Կանչել ՇՕ ծառայություն

    Առաջին օգնություն ցուցաբերողը չպետք է խուճապի մատնվի և հետևելով կարգավարի հրահանգներին կատարի հետևյալը.

    • Հիվանդին պառկեցրեք, քթին մոտեցրեք  անուշադրի սպիրտով թրջոցը
    • Թափահարեք տուժածի ուսը և կանչեք «Լա՞վ եք»     
    • Եթե տուժածը արձագանքում է և նորմալ շնչում է` հարկավոր է  հոսպիտալիզացնել հետագա հետազոտման և հսկողության  նպատակով:
    • Եթե տուժածը չի  արձագանքում, չի շնչում` ստուգեք անոթազարկը
    • Գտեք շնչափողը`շոշափումն իրականացնելով երկու  մատով: Սահեցրեք մատները դեպի շնչափողի և մկանների միջև ընկած ակոսը, որտեղ կարող եք  շոշափել անոթազարկը:
    • Եթե անոթազարկը քնային զարկերակի վրա չի  շոշափվում  առնվազն   5-10 վարկյանի ընթացքում, սկսեք սիրտ-թոքային վերակենդանացման  գործողությունները`
      ա) Տուժածին պառկեցրեք ամուր հարթ մակերեսի վրա` դեմքով վեր  դիրքով: Դիրքավորվեք տուժածի կողքին:
      բ) Մի  ափի հիմնամասը տեղադրեք տուժածի կրծքավանդակի մեջտեղում`  կրծոսկրի ստորին կեսում:  Մյուս ձեռքի ափի ետնամասը դրեք առաջին ձեռքի վրա: Ուղեք ձեր ձեռքերը և ուսերը պահեք ձեռքերի ճիշտ վերևում:
      գ) Սեղմեք ուժեղ և արագ: Սեղմումները կատարեք առնվազն 100/րոպեում հաճախականությամբ:  30 սեղմումից հետո անհրաժեշտ է տալ 2 ներփչում:
      դ) Ներփչումները կատարելու համար մի ձեռքը տեղադրեք տուժածի ճակատին ու ափով սեղմեք այն, որպեսզի գլուխը թեքվի  հետ:Մյուս ձեռքի մատերը տեղադրեք   ստորին ծնոտի ոսկրային մասում`  կզակի մոտ: Բարձրացրեք ստորին ծնոտը, որպեսզի կզակը առաջ բերվի: Բութ մատով և ցուցամատով սեղմելով փակեք տուժածի քիթը:Կատարեք մեկ ներփչում:Եթե կրծքավանդակը բարձրանում է` ներփչումը կատարվել է ճիշտ:
      ե) շարունակեք կատարել կրծքավանդակի սեղմումները և ներփչումները 30:2 հարաբերությամբ, մինչև ՇՕ ժամանումը:

  • Ի՞նչ գործողություններ է պետք ձեռնարկել ջերմային հարվածի և արևահարության դեպքերում

    Ջերմային հարվածը կյանքին սպառնացող վիճակ է, երբ բարձր ջերմաստիճանի հետևանքով խաթարվում է մարմնի ջերմակարգավորումը: Արդյունքում մարմնի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, և խանգարվում է մարմնի բոլոր համակարգերի գործունեությունը: Այս վիճակը կարող է զարգանալ շատ արագ:                              

    Ջերմային հարվածը հնարավոր է ստանալ լողափին շոգ եղանակին, շոգեբաղնիքում, արտադրամասերում, որտեղ տեղադրված չեն օդափոխիչներ:

    Արևահարությունը հիվանդագին վիճակ է, որն առաջանում է գլխի վրա արևի ճառագայթների անմիջական, երկարատև ազդեցության հետևանքով: Ծերերը, մանուկները և ծծկեր երեխաներն ավելի խոցելի են արևահարության, ջերմային հարվածի նկատմամբ: Ճաղատ, բարակ և նոսր մազերով մարդիկ նույնպես խոցելի են արևահարության նկատմամբ

    Նշաններ`

    • Մարմնի ջերմաստիճանի բարձրացում (39◦с և ավելին)
    • Դեմքի և պարանոցի մաշկի կարմրություն և չորություն
    • Գլխացավ, գլխապտույտ
    • Թուլություն
    • Չորություն բերանում, ծարավի զգացում
    • Սրտխառնոց, փսխում
    • Անհանգստություն, գրգռվածություն, հնարավոր  է գիտակցության արագ զարգացող խանգարում
    • Քթային արյունահոսություն
    • Արագացած անոթազարկ, հաճախացած, մակերեսային  և աղմկոտ  շնչառություն:           

     

    Առաջին օգնություն`

    •  Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր     
    • Արագ սառեցրեք տուժածի մարմինը
    • Թեթևացրեք տուժածի հագուստը
    • Տուժածի գլխին դրեք սառը թրջոցներ, ծածկեք նրան խոնավ սավանով
    •  Եթե տուժածը գիտակից  է, տվեք նրան սառը հեղուկ և  խորհուրդ տվեք խմել կումերով
    • Տաս րոպեն մեկ չափեք տուժածի ջերմաստիճանը: Շարունակեք սառեցնել տուժածի մարմինը, մինչև ջերմաստիճանը հասնի 38`C: Այդ դեպքոմ դադարեցրեք տուժածի մարմնի սառեցումը: Շարունակեք չափել ջերմաստիճանը ամեն կես ժամը մեկ, քանի որ այն հնարավոր  է կրկին բարձրանա: Այդ դեպքում վերսկսեք տուժածի մարմնի սառեցումը:                                                                                                                                           
    • Եթե հիվանդը չի լավանում, ահազանգեք  շտապօգնություն:                                

     

    Եթե արևահարությունից տուժածը ստանում է նաև այրվածք, անհրաժեշտ է`

    • Այրված մակերեսի վրա դնել սառը թրջոցներ
    • Օգտագործել ցավազրկող
    • Բարձր ջերմության դեպքում ընդունել ջերմիջեցնող (պարացետամոլ)
    • Օգտագործել Պանտենոլ

     

    Ինչպե՞ս խուսափել ջերմային հարվածից, արևահարությունից

    • Հարկավոր է խուսափել ֆիզիկական գործունեությունից օրվա շոգ ժամերին, հատկապես 12.00-17.00:                                                                           
    • Անհրաժեշտ է պաշտպանվել արևից` կրելով գլխարկ կամ հովանոց:                    
    • Շոգ օրերին հագուստը պետք է լինի բաց երանգների բամբակյա կտորեղենից:
    • Անհրաժեշտ է օրվա ընթացքում խմել մեծ քանակությամբ հեղուկներ  (1,5-2լիտր):
    • Խորհուրդ չի տրվում օգտագործել ալկոհոլ:

  • Ի՞նչ գործողություններ է պետք ձեռնարկել սուր գաստրոէնտերիտի (ստամոքսաաղիքաբորբ) դեպքում

    Հանդիպում է հաճախ ամռան շոգ ամիսներին:

    Հիմնական պատճառներն են`

    • Ոչ թարմ սննդամթերքը
    • Խակ մրգերը և բանջարեղենը
    • Մրգերի և բանջարեղենի ոչ բավարար լվացումը
    • Սննդամթերքի պահպանման ջերմային ռեժիմի խախտումները
    • Հիգիենայի կանոնների խախտումները

    Նշաններ`

    • Սրտխառնոց
    • Փսխումներ
    • Գլխացավ, թուլություն
    • Նոպայաձև ցավեր որովայնի շրջանում
    • Փորլուծություն
    • Բարձր ջերմություն

     

    Առաջին օգնություն

    • Ստամոքսի լվացում (գոլ ջրով)
    • Սահմանափակել սննդի ընդունումը` պահպանելով հատուկ դիետա. մասնավորապես կարելի է օտագործել բրնձով շիլա, չորացրած սպիտակ հաց, բանան, կիսել
    • Ջրազրկումից խուսափելու համար հիվանդին հարկավոր է մեծ քանակությամբ հեղուկներ, նաև ռեգիդրատացիոն պրոցեսը լավացնելու նպատակով ընդունել Ռեգիդրոն
    • Սուր գաստրոենտերիտի ժամանակ աղիքներում խախտվոմ է միկրոֆլորան, որի վերականգնման համար կարելի է օգտագործել Լինեքս
    • 38,5◦C –ից բարձր ջերմաստիճանի դեպքում հարկավոր է ջերմիջեցնող
    • Եթե հիվանդի վիճակը վատանում է, ահազանգեք Շտապօգնություն:

  • Ի՞նչ գործողություններ է պետք ձեռնարկել երեխաների մոտ բարձր ջերմության դեպքում

    Երբ երեխայի ջերմությունը բարձրանում է, առանց խուճապի մատնվելու`պետք է կատարել հետևյալը՝

    • Երեխային պետք չէ տաք հագցնել կամ փաթաթել, անհրաժեշտ է երեխային ազատել ավելորդ հագուստից
    • Սենյակի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 20◦-22◦C
    • Պարտադիր են գոլ (ո`չ սառը, ո`չ տաք) ջրով շփումները  (շփել երեխայի մեջքը, վերջույթները և որովայնը): Ջրի ջերմաստիճանը պետք է երկու աստիճանով ցածր լինի երեխայի մարմնի ջերմաստիճանից: Ինչ վերաբերում է հնուց եկած ջերմիջեցնող մեթոդներին` սպիրտով կամ քացախով շփումներին, ապա դրանք կարող են երեխայի մոտ մաշկի գռգրում առաջացնել
    • Եթե այդ միջոցառումները չեն օգնում, ապա պետք է անցնել ջերմիջեցնող դեղորայքին                                              

     

    Ջերմիջեցնողները ցուցված են հետևյալ դեպքերում՝

    ա/ 38◦C –ից բարձր - մինչև 2 ամսական երեխաներին

    բ/ 38,5◦C-ից բարձր –այն երեխաներին, ովքեր տառապում են որևէ սրտային կամ    թոքային հիվանդությամբ , նաև երեխաներին, ովքեր ֆիբրիլ ցնցումների հակում ունեն

    գ/ 39◦C-ից բարձր – բոլոր երեխաներին և մեծահասակներին

    Որպես ջերմիջեցնող նշանակում են՝

    • Պարացետամոլ
    • Իբոպրոֆեն
    • Նուրոֆեն
    • Որպես լրացուցիչ ջերմիջեցնող միջոց կարելի է օգտագործել Դիկլոֆենակի մոմիկներ

     

    Ֆիբրիլ ցնցման դեպքում  մինչև ՇՕ շարժակազմի հասնելը անհրաժեշտ  է`

                     ա/ երեխային պառկեցնել կողքի, որպեսզի երեխայի շնչառությունը չխափանվի

                     բ/ չի կարելի մատները մտցնել երեխայի բերանը. դրա պատճառով շատ հաճախ   վնասվում է փոքրիկի բերանի խոռոչը

                     գ/ շարունակել վերը նշված ջերմիջեցնող միջոցառումները:

    Եթե երեխայի ջերմությունը համառորեն չի իջնում,ապա դա կարող է լուրջ հիվանդության նշան լինի և երեխան շտապ հիվանդանոց տեղափոխման ենթակա լինի:          

  • Ի՞նչ գործողություններ է պետք ձեռնարկել ցավ կրծքավանդակում ախտանիշի դեպքում

    Ցավ կրծքավանդակում ախտանիշը հանդիպում է բազմաթիվ հիվանդությունների, վիճակների ժամանակ և կարող է լինել կյանքին վտանգ սպառնացող: Ազգաբնակչության կողմից տրված ցավ կրծքավանդակում ախտանիշով կանչերը համարվում են որպես ՇՕ առաջին կատեգորիայի կանչեր և սպասարկվում են  առաջնահերթ: Ժամանակին և ճիշտ առաջին օգնություն ցուցաբերելու համար խիստ կարևոր է ճշգրիտ տարբերակել հիվանդությունը նման ախտանիշով:         

    Կրծքավանդակի ցավերի առաջացման հիմնական պատճառներն են`

    • Սրտային հիվանդություններ՝ սրտամկանի սուր ինֆարկտ, ստենոկարդիա,  պերիկարդիտ
    • Անոթային հիվանդություններ՝ աորտաի անևրիզմաի շերտազատում, թոքային զարկերակի տրոմբոէմբոլիա
    • Թոքային հիվանդություններ՝ թոքաբորբ, պլևրիտ, պնևմատորաքս
    • Ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններ՝ էզոֆագիտ, խոցային հիվանդություն
    • Հենաշարժական ապարատի հիվանդություններ՝ կրծքային ռադիկուլիտ, կրծքավանդակի վնասվածքներ
    • „Հերպես Զոստեր″
    • Նևրոզներ

     

    Առաջին օգնություն

    • Կանչել ՇՕ
    • Կանչ տալուց հետո կրծքավանդակում ցավ ունեցող հիվանդը պետք է պահպանի հանգիստ վիճակ, չօգտագործի ոգելից խմիչք, ծխախոտ:
    • Ցանկալի է հիվանդին պառկեցնել` հիվանդի համար առավել հարմարավետ  դիրքով, թուլացնել կրծքավանդակը սեղմող հագուստը
    • Վերահսկել արյան ճնշումը
    • Արդյոք նախկինում հիվանդը ունեցել է խոցային հիվանդություն, բերանից կամ ուղիղ աղուց արյունահոսություն` եթե ոչ հիվանդին անհրաժեշտ է տալ որևէ ցավազրկող, քանի որ կրծքավանդակի ցավը հարկավոր է  հանգստացնել
    • Եթե հիվանդը նշում է նախկինում սրտի նոպաներ, կրել է ինֆարկտ, տարել է սրտի վիրահատություն, ապա մինչև  ՇՕ շարժակազմի մոտենալը կարող եք տալ Նիտրոգլիցերին՝ մեկ-երկու դոզա: Հիշեք ` մնացած բոլոր դեպքերում չտալ Նիտրոգլիցերինի հաբեր առանձ բժշկի նշանակման, քանի որՆիտրոգլիցերինի օգտագործումը կարող է բարդություններ առաջացնել:
    • Եթե մինչև ՇՕ ժամանումը հիվանդի վիճակը կտրուկ վատանա, սկսեք սիրտթոքային վերակենդանացման գործողությունները հետևելով 1-03–ի բժիշկ-կարգավարի  հրահանգներին: