A+ a-

Որ դեպքերում պետք է դիմել «Շտապբուժօգնության» ծառայությանը

Շտապբուժօգնությունը կոչված է ցուցաբերելու շտապ և անհետաձգելի նախահիվանդանոցային բժշկական օգնություն հետևյալ դեպքերում.

  1. հանկարծակի առաջացած հիվանդությունների (սիրտ-անոթային, կենտրոնական նյարդային համակարգի, շնչառական, որովայնի խոռոչի և այլ օրգանների գործունեության սուր զարգացող խանգարումների) դեպքերում,
  2. դժբախտ պատահարների (վնասվածքների, այրվածքների, թունավորումների, մահափորձերի, ցրտահարությունների, շնչառական ուղիներում օտար մարմինների, կայծակնահարությունների, էլեկտրահարությունների, ջրահեղձությունների և այլն) դեպքերում,
  3. արտակարգ իրավիճակների  (զանգվածային վնասվածքների, թունավորումների և տարերային աղետներ) ժամանակ,
  4. վարակիչ  հիվանդությունների բռնկումների ժամանակ, եթե կա անհետաձգելի բժշկական օգնության կամ պացիենտների հոսպիտալացման անհրաժեշտություն, 
  5. քրոնիկ հիվանդությունների սրացումների ժամանակ, եթե դրանք պահանջում են անհետաձգելի բժշկական օգնություն և հոպիտալացում:

Շտապ բժշկական օգնությունը հիվանդների հոսպիտալացումն իրականացնում է կյանքին վտանգ սպառնացող և անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնություն պահանջող դեպքերում` անկախ ախտորոշումից, քաղաքացիությունից և սոցիալական կարգավիճակից:

Համաձայն Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքի (04 մարտի 1996թ) հոդված 5-ի՝ բժշկական օգնության դիմելիս,  ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին: Այսպիսով՝

  • Ընտրեք Ձեր ընտանեկան բժշկին, գրանցվեք համապատասխան պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում:
  • Անցեք կանխարգելիչ բուժ զննում Ձեր բժշկի մոտ
  • Հիվանդանալու դեպքում դիմեք Ձեր տեղամասային պոլիկլինիկա կամ ընտանեկան բժշկին, ստացեք համապատասխան բուժում, անհրաժեշտության դեպքում նաև ստացիոնար բուժման ուղեգիր: 
  • Հանկարծակի առաջացած հիվանդությունների և վիճակների դեպքում կապ հաստատեք Ձեր բժշկի հետ, ստացեք խորհրդատվություն և կատարեք այդ խորհուդները`այդ թվում նաև  ՇԲՕ ծառայությանը դիմելը:

Հիշեք, շտապբուժօգնությունը անհետաձգելի ծառայություն է: Դեղատոմս, անաշխատունակության թերթիկ, տեղեկանք,  բուժման նշանակում կամ նշանակված բուժական միջամտություններ չի կատարում: Վերոհիշյալ կարիքների դեպքում դիմեք Ձեր տեղամասային պոլիկլինիկա կամ ընտանեկան բժշկին: