A+ a-

Առաջնահերթ գործողություններ

Ստուգել կյանքի նշանները

Մինչև առաջին օգնություն ցուցաբերելը  ճշտեք, թե արդյո՞ք տուժածի մոտ առկա են կյանքի նշանները՝ շնչառությունը և զարկերակի բաբախը։ 

Ամենից կարևորն այն է, որ առաջին օգնություն ցույց տվողը համոզված լինի, թե արդյոք տուժածի շնչառական ուղիները բաց են և նա կարողանում է ինքնուրույն շնչել, թե՞ անհրաժեշտ է արհեստական շնչառության միջոցով թթվածնի ներհոսք ապահովել։ Մարդու ուղեղը մշտապես թթվածնի կարիք ունի և եթե մի քանի րոպե չապահովվի անհրաժեշտ քանակությամբ թթվածնով, ապա նույնիսկ մարմնի նորմալ ջերմաստիճանի դեպքում կարող է առաջանալ գլխուղեղի լուրջ վնասվածք կամ մահ։ Այդպիսի իրավիճակ կարող է ստեղծվել, եթե տուժածը դադարի շնչել կամ շնչառական ուղիները, խցանված լինեն։

Եվ այսպես, ամենից առաջ` ստուգել շնչառությունը։

Ինչպե՞ս ստուգել շնչառությունը

Տուժածի շնչառությունը պետք է գնահատել մի քանի ցուցանիշներով.

  • Ուշադրություն դարձրեք կրծքավանդակին և որովայնին՝ արդյո՞ք շարժվում են։ Համոզվեք, որ դրանք շարժվում են հանգիստ և հավասարաչափ,
  • Ստուգեք տուժածի բերանի կամ քթի մոտ լսվո՞ւմ է շնչառության ձայնը,
  • Փորձեք զգալ տուժածի շնչառությունը Ձեր դեմքի մաշկին։

Եթե տուժածը հանգիստ շնչում է, ապա ուշադրությունը  բևեռեք այլ վնասվածքներ հայտնաբերելու վրա։  

Եթե տուժածը գիտակցություն չունի և վնասվածքի բնույթը թույլ է տալիս, ապա նրան հանգիստ վիճակի բերեք, որպեսզի կարողանա անարգել շնչել։

Եթե շնչառություն բացակայում է, ապա Դուք պետք է ապահովեք օդի մուտքը տուժածի թոքեր։ Եթե կրծքավանդակը և որովայնը շարժվում են, բայց օդը չի մտնում և չի արտաշնչվում տուժածի բերանով կամ քթով, ապա հնարավոր է, որ շնչառական ուղիների խցանում է առաջացել և անհրաժեշտ է այն վերացնել։ Այդ դեպքում պետք է գործեք շատ արագ, որպեսզի վերականգնվի օդի հոսքը դեպի թոքեր։ Միաժամանակ խնդրեք, որ որևէ մեկն անհապաղ շտապ բուժօգնություն կանչի։