A+ a-

Սրտի անուղղակի մերսում

Սրտի անուղղակի մերսում

Այս գործողությունը կատարվում է անոթազարկի բացակայության դեպքում։ Ավելի ճիշտ կլինի այն անվանել կրծքավանդակի սեղմում, քանի որ իրականում սրտի մերսումն արտաքինից հնարավոր չէ կատարել։

Սիրտը զբաղեցնում է կրծքավանդակի կենտրոնի մեծ  մասը` առջևից ողնաշարի և կրծոսկրի, իսկ հետևից` շրջապատող մկանների միջև։ 

Քանի որ նորմալ վիճակում կրծքավանդակի առջևի պատը բավական շարժունակ է, կրծոսկրի և կողոսկրերի դեպի ողնաշարը  տեղաշարժումով սիրտը թեթևակի սեղմվում է դեպի ողնաշարը և ճզմվում։ Սրտի փականներն արյունը բաց են թողնում միայն մեկ ուղղությամբ։ Եվ սրտի ցանկացած սեղմում արյանը ստիպում է արյունատար անոթներով շարժվել այնպես, ինչպես նորմալ վիճակում, երբ սիրտն ինքնուրույն  կրճատվում (բաբախում) է։

Թեև սա դժվար աշխատանք է, սակայն սովորաբար այդ կերպ հաջողվում է սատարել արյան շրջանառությանը։ Եթե միևնույն ժամանակ հնարավոր լինի տուժածի թոքերն օդ ներմղել, ապա մեծ է հավանականությունը, որ կվերականգնվի տուժածի մաշկի առողջ գույնը, լայնացած ակնաբբերը կնեղանան և նորմալ տեսք կստանան, ի հայտ կգան հուսադրող այլ նշաններ։ Նման միջամտությունից հետո ոչ հազվադեպ վերականգնվում է սրտի ինքնուրույն աշխատանքը և ինքնուրույն շնչառությունը։ Այնուամենայնիվ պետք է հիշել, որ սրտի անուղղակի մերսումն անարդյունավետ է առանց արհեստական շնչառության։

Այս միջամտությունը կարելի է կատարել միայն անհրաժեշտ փորձառություն ունենալու դեպքում։ Հիշեք, որ սրտի անուղղակի մերսում կարելի է կատարել միայն սրտի խփոցի լրիվ դադարի դեպքում։  Հակառակ պարագայում թույլ բաբախող սիրտը այդ գործողության ընթացքում կարող է կանգ առնել։

Սրտի անուղղակի մերսման կատարումը

  • Տուժածին պառկեցրեք մեջքի վրա և նրա կողքին նստեք ծնկաչոք։
  • Շոշափեք կրծքավանդակի ներքևի հատվածի կրծոսկրի անկյունը։ Ձեր ափը դրեք տուժածի կրծոսկրի ներքևի ծայրին՝ երկու մատի լայնքով
  • Ձեռքը ծածկեք մյուս ձեռքով։ Մատները պետք է թեթևակի դեպի վեր լինեն։ Թեքվեք առաջ, որպեսզի Ձեր ուսերը լինեն կրծոսկրի վրա։ Ձեռքերն ուղիղ պահեք։
  • Կրծքավանդակն ուղղահայաց սեղմեք դեպի ներքև այնպես, որ այն 4-5 սմ իջնի, եթե տուժածը մեծահասակ է։ Իսկ եթե մանկահասակ է, կրծքավանդակը պետք է սեղմվի 2,5-4 սմ։ Կրծքավանդակն այդպես սեղմել 30 անգամ՝ ավելի արագ հաճախականությամբ, քան մեկ հարվածը մեկ վայրկյանում։ Բարձրաձայն հաշվեք սեղմումները։
  • Կատարեք գլուխը վար-կզակը վեր գործողությունը տուժածի շնչուղիները բացելու համար և երկու անգամ նրա բերանում ուժգին արտաշնչեք այնպես, որ օդը հասնի նրա թոքերը։
  • Չմոռանաք հետևել կրծքավանդակի շարժմանը։
  • 30 սեղմումն ու օդի 2 ներփչումը թոքեր կրկնեք այնքան ժամանակ, մինչև որ տուժածի մոտ նկատվի վիճակի բարելավում կամ ժամանի  շտապբուժօգնությունը։
  • Ամեն երեք րոպեն մեկ ստուգեք անոթազարկի առկայությունը վզի վրա։

Լավացման նշանները

  • Մաշկի կապտավուն, մոխրագույն կամ մանուշակագույն երանգավորումն անցնում է, տուժածի առողջ գույնը վերականգնվում է։
  • Վերականգնվում է անոթազարկը։
  • Տուժածը տնքում է կամ շարժվում։
  • Վերականգնվում է ինքնուրույն շնչառությունը, և արհեստական շնչառություն տալիս Դուք դիմադրության եք հանդիպում։