A+ a-

Այրվածքներ

Այրվածքը բարձր ջերմաստիճանի, որոշ քիմիական նյութերի, էլեկտրականության, ճառագայթման հետևանքով մաշկի և խորանիստ այլ հյուսվածքների վնասումն է:

Ըստ ծանրության աստիճանի այրվածքները դասակարգվում են 4 աստիճանի: Առաջին աստիճան. կարող է առաջանալ արևի, տաք հեղուկների, գոլորշու ազդեցությունից: Վնասվում է միայն վերնամաշկը, որն արտաքինից արտահայտվում է մաշկի կարմրությամբ, թեթևակի այտուցով և այրող ցավով: Երկրորդ աստիճան. կարող է առաջանալ արևի, տաք հեղուկների, քիմիական նյութերի ազդեցությունից: Այս դեպքում վերնամաշկից բացի վնասվում է նաև մաշկը: Վերնամաշկը շերտազատվում է մաշկից, գոյացնելով տարբեր չափերի բշտեր: Ցավը երկրորդ աստիճանի այրվածքի ժամանակ ավելի ուժգին է լինում:

Երրորդ աստիճան. կարող է առաջանալ հրդեհից, եռացրած ջրից, էլեկտրական հոսանքից, շիկացած մետաղներից, քիմիական նյութերից: Վնասվում է մաշկը, ենթամաշկային և մկանային հյուսվածքները: Չորրորդ աստիճանի դեպքում վնասումը ներառում է նաև ոսկրային հյուսվածքը:

Այրվածքներով տուժածի ծանրության աստիճանը կախված է ինչպես աստիճանից, այնպես էլ այրվածքի մակերեսից: Որքան մեծ է այրվածքի մակերեսը այնքան ծանր է տուժածի վիճակը: Այրվածքի մակերեսը որոշելու համար օգտվում ենք Ինների օրենքից կամ ձեռքի ափը որպես մարմնի մակերեսի մեկ տոկոսը եղանակից: 

Մինչև ՇՕ շարժակազմի ժամանումը անհրաժեշտ է ՝

  1. Դադարացնել այրվածք առաջացնող գործոնի ազդեցությունը (հեռացնել բոցից, անջատել էլեկտրականությունը և այլն):
  2. Հանգստացնել տուժածին:
  3. Հանել տուժածի աղտոտված կամ այրվող հագուստը, եթե հնարավոր է:
  4. Քիմիական այրվածքների դեպքում:  
    - Եթե քիմիական նյութը փոշի է, անհրաժեշտ է թափ տալ այն, չլվանալ ջրով:
    - Եթե այրվածքն առաջացել է հեղուկ քիմիական նյութից, լվանալ հոսող ջրով (չօգտագործել շատ սառը ջուր ցանկալի է, որ ջրի ջերմաստիճանը լինի 12-18 աստիճան): 
  5. Այրվածքային մակերեսը ցանկալի է ծածկել ստերիլ ծածկոցով (արդուկած սավան, սրբիչ)` հնարավոր վարակը կանխարգելելու և մարմնի ջերմությունը պահպանելու նպատակով:
  6. Ջրազրկումը կանխելու նպատակով տալ խմելու հեղուկներ (գոլ ջուր, հյութ, հանքային ջուր):
  7. Օգտակար է նաև հետևյալ բաղադրությամբ պատրաստված հեղուկը. 3-4թ. գդալ շաքարավազ և կես թեյի գդալ աղը լուծել 1 լիտր գոլ ջրում և տալ խմելու մինչև ՇՕ ծառայության ժամանումը:
  8. Չկտրել, չբացել բշտիկնեները:
  9. Չքսել որևէ դեղորայք, քսանյութ և այլն: